Բովանդակություն
Ներածություն
Գիրքը վերցնելուց, սկսելուց առաջ ու ընթերցանության ընթացքում ինձ հարց էի տալիս՝ ինչու կարդալ անտիկ ժամանակաշրջանից գրական ուղենիշ ու եվրոպական գրականության հիմք դարձած, հազարավոր անգամներ հիշված, վերապատմված, արվեստի այլ ճյուղերում ու ինտերտեքստուալ տարածություններում վերարտադրված Տրոյական պատերազմի մասին էպիկական պոեմը՝ հերոսության, բռնության, դաժանության, պատերազմի ելքի ու մարդկանց անշրջելի ճակատագրերի ողբերգությունը՝ գրական կոթող, որի՝ իրականության ու առասպելի սահմանը ջնջող պատմությունը (առասպելը միգուցե չի ներկայացնում իրականում կատարվածը, բայց մարմնավորում է ճշմարտությունը) հավանաբար ծանոթ է բոլորին, առավել ևս ինձ նման դպրոցական տարիքում Տրոյա ֆիլմը բազում անգամներ անգիր հիշելու աստիճան վերանայողներին։
Բայց չէ՞ որ իրական գրականության հիմնաքարը երբեք էլ պատմությունն ու սյուժեն չեն. եթե կարևոր լիներ միայն պատմությունն իմանալ, հնարավոր կլիներ գրքերի սյուժեն պատմել մի քանի նախադասությամբ, համառոտագրով և այդքանով գործն ավարտված համարել, ու էլ ոչ ոք երբեք ծավալուն վեպեր ու պոեմներ գրելու կարիք չէր ունենա, ու վստահաբար դրանք ոչ ոք չէր կարդա, վերընթերցելն ընդհանրապես անիմաստ կլիներ։ Սակայն կարծեմ մեզ հետաքրքրում է ոչ այնքան՝ ինչ է տեղի ունեցել, այլ ինչպես է դա տեղի ունեցել, ու Հոմերոսի երկու էպիկական պոեմներն էլ սրա վառ օրինակն են. Իլիականի գրվելու ժամանակ վստահաբար բոլորն իմացել են Տրոյական պատերազմի ողջ պատմությունը, քանի որ Հոմերոսը չի պատմում ողջ պատմությունը, այլ միայն մի դրվագ՝ ըստ իրեն՝ ամենանշանակալին, ամենաարժանին՝ Աքիլլեսի քենը և գժտությունը Ագամեմնոնի հետ. «Քե՛նը երգիր, ո՜վ դիցուհի, Պելևսորդի Աքիլլեսի / Քենը դժխեմ, որ բյուրավոր ցավեր բերեց աքայացոց...»։ Դեռ ավելին՝ հայերեն նոր (անզուգական) թարգմանության առաջաբանում ըստ երգերի ներկայացվում են ողջ պոեմում կատարվող դեպքերը, ինչը ժամանակակից ընթերցողի համար կարող է պարադոքսալ թվալ. գրքի սկզբում պատմվում է, թե ինչ է կատարվելու, բայց այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Հոմերոսն ինքն է առաջին գլուխներում պատմում, թե ինչ է կատարվելու՝ ըստ գուշակության, ըստ ճակատագրի, որից փախչել և որը փոխել հնարավոր չէ։
Ուրեմն ինչո՞ւ կարդալ Հոմերոսի Իլիականը՝ չլինելով գրականության կամ պատմության մասնագետ, այլ լինելով սովորական ընթերցող։ Ի՞նչ գեղագիտական հաճույք կամ փիլիսոփայական հետևություն կարելի է անել բուն Հոմերոսի պատումից՝ ավելի քան երկու հազար յոթ հարյուր տարի առաջ գրված գործից, որը հազարավոր անգամներ ընթերցվել, մեկնաբանվել, արտագրվել, փոփոխվել ու ինչ-որ ձևով հասել է մեզ։ Ինչո՞ւ կարդալ մարդկության պատմության մեջ գրական մեծագույն կոթողներից մեկը (Ոդիսականի հետ միասին), որի գրվելու շրջանում մոտ երեք դար կտրվածքով վստահաբար շատ ուրիշ ստեղծագործություններ էլ են գրվել, բայց պահպանվել ու մեզ են հասել միայն Հոմերոսի գործերը, որոնք իրենց ժամանակ ու դրանից հետո դեռևս շատ դարեր համարվել են գրականության գագաթնակետ, ինչի պատճառով էլ հազարավոր անգամներ արտագրվել ու փոխանցվել են սերնդեսերունդ։ Եվ վերջապես՝ ինչպե՞ս կարդալ Իլիականը։ Փորձենք այս հարցերի շուրջ մտորել։
Գեղագիտակա՞ն, թե՞ հնագիտական արժեք
Արդյոք անցյալի արվեստից մեր ստացած հաճույքը գեղագիտակա՞ն է, թե՞ հնագիտական. այսպիսի հարցադրում է կատարում իսպանացի փիլիսոփա Խոսե Օրտեգա ի Գասետը իր «Արվեստը այսօր և անցյալում» էսսեում։ Փորձենք Իլիականի նմանատիպ վերլուծություն կատարել։
Միգուցե շատերը իրավամբ կարող են պնդել, որ Հոմերոսի տեքստից կարելի է նույնպիսի գեղագիտական հաճույք ստանալ, ինչ ժամանակակից գրականությունից։
Ես փորձեմ պնդել, որ մենք առաջին հերթին (առաջին ընթերցանության ժամանակ) հնագիտական ուսումնասիրություն ենք անց կացնում այս տեքստի շուրջ, և առաջին հերթին այն հնագիտական հաճույք է մեզ պատճառում, որից էլ հետո ածանցվում, դրա վրա կառուցվում ու դրանից բխում է նրա գեղագիտականը մեր ժամանակների համար։
Դժվար է պատկերացնել, որ եթե այս պոեմը գրված լիներ, օրինակ, վերջին տասը տարվա ընթացքում (այն միգուցե կիսով չափ կարճ լիներ և լիներ վեպ), ինչ-որ մեկը այն դիտարկեր որպես գրականության լավագույն նմուշ. այն իր արժեքը առաջին հերթին ստանում է պատմության մեջ իր ունեցած դերի և իր ժամանակաշրջանի, իր կոնտեքստի մեջ դիտարկվելով։ Մենք չենք կարող ժամանակի ու պատմության հանդեպ կուրությամբ լիովին վայելել այս ստեղծագործությունը։ Բայց սա ոչ մի կերպ չի թերարժևորում պոեմի գեղագիտությունը, որը սկսում ես նկատել այն հնագիտորեն բացահայտելուց, ինքդ քեզ նրա հետ ծանոթացնելուց հետո, և ընթերցանության ընթացքում, գիրքն ավարտելուց հետո այն շատ ավելի խորը շերտերով է բացվում և ժամանակի հետ՝ նրա շուրջ հետահայաց մտածելու ընթացքում (վստահաբար, վերընթերցելու պարագայում` ավելի շատ) այն քո առաջ փռում է իր ողջ հարստությունն ու դարերով ապրող, վերածնվող ու նոր ստեղծվող իմաստները։
Հնագիտությունը
Իսկ ի՞նչ ենք հասկանում հնագիտական հաճույք ասելով: Հոմերոսի Իլիականի ընթերցումը նման է պատմական էքսկուրսի, հնավայրեր այցելության, հնագիտական պեղումներում հայտնաբերված գտածոների թանգարանային ցուցադրության, հնագույն քաղաքակրթություններից մեկի հետ առնչության։ Այն ուրույն ժամանակի մեքենայի նման բացառիկ հնարավորություն է ընձեռում օպտիկական հեռադիտակով դիտարկում կատարելու Հոմերոսի ժամանակների (ք.ա. 8-րդ դարի) հունական մշակույթի, ապրելակերպի, ավանդույթների, աշխարհընկալման, առօրյայի, արժեքների, նրանց՝ պատմության ընկալման (Հոմերոսը գրում է իրենից հինգ դար առաջ կատարված իրադարձությունների մասին), պատմությունների փոխանցման ձևերի, կրոնների ու հավատալիքների բազմաշերտ տիրույթներում։ Մենք չենք կարող իմանալ Իլիականի գրվելու կամ երգվելու շրջանի մարդիկ ինչպես են այն ընկալել, ինչ գեղագիտություն են գտել նրա մեջ, մենք չենք ապրում նրանց պատկերացումներով, աշխարհն այլ կերպ ենք ընկալում, հետևաբար նաև տեքստն ենք այլ կերպ ընկալում (միջնորդավորված՝ թարգմանությամբ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան փոփոխվող գիտելիքներով, մեկնաբանություններով, վերաիմաստավորմամբ)։
Երբ Հոմերոսը ներկայացնում է նավերի ցուցակը, թե աքայացիները քանի նավով ու քանի զինվորով որ քաղաքներից ու շրջաններից են եկել Տրոյայի դեմ պատերազմի (46 հրամանատար / արքա, 1186 նավ, մոտ 140 հազար զինվոր, 164 տոպոնիմ), դա մեզ չի ուշաթափեցնում ու այդքան էլ չի զարմացնում ու տպավորում ինքնին, քանի որ մենք արդեն Նապոլեոնյան պատերազմներ ենք տեսել ֆրանսիական Grande Armée֊ով, առաջին ու երկրորդ համաշխարհայիններ ենք տեսել՝ պատմության մեջ իրենց անհամեմատելի մասշտաբներով։ Մեզ աքայական բանակի ահռելի չափերը զարմացնում են իրենց ժամանակների համեմատ։
Երբ Հոմերոսի անվերջանալի կռվի նկարագրություններում դրվագ ենք հանդիպում՝ ինչպես է նիզակը զինվորին խոցում գոտուց ներքև ու ծակում միզապարկը, մենք մտածում ենք, թե ինչ ճշգրիտ գիտելիքներ ունեին այն ժամանակ մարդու մարմնի կառուցվածքի մասին՝ անհարկի զարմանալով, քանի որ մենք ամբարտավան կեցվածքով մեր ժամանակները համարում ենք բարձր գիտության ու աշխարհը ճշմարիտ ճանաչելու ժամանակներ, իսկ անցյալի քաղաքակրթություններին վերաբերվում ենք որպես պարզամիտ, սխալական, հնացած։
Վերջապես, այդ անվերջանալի երկար պատերազմի դաժան ու մանրամասն նկարագրությունների, ամեն սպանողի ու սպանվողի ծնողների ու բնակության վայրի հիշատակումների ընթերցանությունը մեզ մոտ զգացողություն չի առաջացնում, թե ինչպիսի փառահեղ հերոսներ են կռվել իրար դեմ այդ ահեղ մարտում, ինչ հերոսական սխրանքներ են արել. հերոսականության զգացողությունը ստանում ենք միջնորդավորված` մտածելով, որ նրանք իրենց ժամանակի համար էին հզոր ու ահեղ մարտիկներ (մեր ժամանկներում հերոսության ընկալումը կարող է փոքր-ինչ այլ լինել կամ ավելի շատ դիտարկվել որպես արհեստական կառուցվածք)։
Երբ Հոմերոսի մոտ ինչ֊որ մեկի բերանից «թևավոր խոսք է թռչում», դա մեր պատկերացրած թևավոր խոսքը չէ, այլ մեզ համար պարզում ենք, որ ըստ հին հույների ընկալման` խոսքը ֆիզիկական հատկանիշներ ունի և խոսողի լեզվից թռչելով՝ հասնում է լսողի ականջին։
Երբ Հոմերոսը իր բազմաթիվ այլաբանությունների շարքում հերոսներից մեկին, որ չի կարողացել ճեղքել պաշտպանվողների շարքերը ու որևէ մեկին խոցել, համեմատում է առյուծի հետ, որ մոտեցել է ոչխարների հոտին, բայց հանդիպելով հովիվների՝ նիզակների ու կրակների, հաչացող շների դիմադրությանը, չի կարողացել ոչխար փախցնել, մենք, հանդիպելով մեզ համար լիովին ընկալելի ու ծանոթ երկու նկարագրության, հիացական արձագանք չենք տալիս մեր սրտում ու մտքում։ Նույն կերպ նաև, երբ աքայացիների խրամատի մի կողմից մյուսը ցատկողներին Հոմերոսը համեմատում է ձիավարողի հետ, որ վարման ընթացքում ցատկում է մի ձիուց մյուսը։ Նմանատիպ համեմատությունները պոետական հրաշալի նմուշներ են Հոմերոսի ու հին երգիչների արվեստում, սակայն մեզ համար առաջին հերթին ժամանակի մեքենա են՝ աշխարհը դիտելու այն ժամանակների երգիչների ու պոետների աչքերով։ Սույնը առավել քան ճշգրիտ է այն բազում նկարագրությունների դեպքում, որ վերաբերում են ծիսակարգերին, զենք ու զրահին, հագուստներին, ունեցվածքին, ձիակառքերին, ձիավարման ձևերին, նավերին, հյուղակներին, պարիսպներին, քաղաքների, գետերի, լեռների, կղզիների և այլ աշխարհագրական տեղանուններին. այս ամենն անառարկելի արժեք է առաջին հերթին պատմագիտական տեսանկյունից։
Սակայն այստեղ չպետք է ընկնենք ծայրահեղության գիրկը և ստեղծագործությանը վերաբերվենք միայն որպես հնագիտական նյութ, որպես թանգարանային նմուշ՝ դիտելով այն հեռավորությունից` մեր ու նրա միջև խորը անդունդ պատկերացնելով, մտածելով, որ այն այլ քաղաքակրթության մասին է և ոչ մի կապ չունի մեզ հետ։ Առավել ևս` ժամանակակից ընթերցողը կարող է Իլիականի ժամանակների մարդկանց վերաբերվել որպես աշխարհի մասին միամիտ և հնացած պատկերացումներ ունեցողների՝ կրկին ենթադրելով, թե նրանք աշխարհը սխալ էին հասկանում, իսկ մենք ահա գիտության շնորհիվ բացահայտել ենք դրա գաղտնիքները` այսպիսով հեգնական հեռավորությունից դիտելով թե՛ այդ քաղաքակրթությունը, թե՛ նրա ծնած գրական գլուխգործոցը։
Գեղագիտությունը
Իսկ որտե՞ղ է Իլիականի գեղագիտական հաճույքը, որը, միգուցե, ածանցվում է հնագիտականից, բայց դրանով չի սահմանափակվում։
Գեղագիական հաճույքը ծնվում է, երբ ստեղծագործությունը իր մեծությամբ հնարավորություն է տալիս վերաիմաստավորելու իրեն (պատմությունը, հերոսներին, գաղափարները) յուրաքանչյուր ժամանակաշրջանի համապատասխան պատկերացումներով, երբ այն օգնում է քեզ վերակառուցելով իր ժամանակների աշխարհընկալումն ու պատկերացումները` կասկածի տակ դնել քո ժամանակի աշխարհընկալումը և մարտահրավեր նետել դրան։
Փորձենք ըստ թեմաների վեր հանել նման վերաիմաստավորումներ։
Պատերազմը
Պատերազմի նկատմամբ Հոմերոսի, նրա ժամանակների երգիչների ու մարդկանց վերաբերմունքը բազմաթիվ շերտեր ունի։ Մի կողմից այն հերոսականության, սխրանքների, էպիկական պատումի, պատմության փառահեղ էջերի նյութ է, մյուս կողմից անհնար է չնկատել դրա ողբերգականությունը, անիմաստությունը, գազանաբարո դաժանությունը (միգուցե հին հույների ընկալումներում ընդհանրապես բացակայում է դաժանության գիտակցումը, և դա ինքնին ենթադրվում է կռվի մեջ) Մենք ականատես ենք դառնում Աքիլլեսի, Հեկտորի, Դիոմեդեսի, Ագամեմնոնի, Այասի, Ոդիսևսի, Մենելաոսի և այլոց սխրագործություններին` ի հակադրություն, օրինակ, Պարիսի երկչոտության։ Նրանց կողքին կամ նրանց ձեռքով ամբողջ պոեմի ընթացքում ահռելի թվով մարդիկ են սպանվում, և բոլոր դեպքերում Հոմերոսը նկարագրում է, թե նրանք ինչպես են խոցվել, ում կողմից, և նրանց բոլորի մասին կա՛մ ունի կյանքի ինչ-որ պատմություն, կա՛մ հիշատակում է նրանց ծնողներին, պապերին, թե որ քաղաքից են սերում, որտեղ էին բնակվում, ինչ կալվածքներ ունեին, ում հետ էին ժամանել Տրոյան գրավելու կամ պաշտպանելու։ Այս սպանվողներն այնքան շատ են, որ դեպքեր կան, երբ Հոմերոսը, մոռանալով, որ ինչ-որ մեկն արդեն սպանվել է, հաջորդ գլխում նրան վերակենդանացնում է։ Կարդալիս ինչ-որ պահի դադարում ես հետևել, թե ով ում սպանեց, ու կռվի նկարագրությունները դառնում են մեդիտատիվ գործիք՝ գցելով ընթերցողին պատերազմի անհաշվելի ու անիմաստ շարունակականության մեջ։ Այս երկար ձգվող զոհերի քանակության մեջ անհնար է դառնում տարանջատել քաջին վախկոտից, արքային՝ իր կառապանից, հրամանատարին՝ շարքայինից։ Ինչ-որ պահի նրանք բոլորը մտքիդ մեջ նույնացվում են, և մնում է միայն նրանց անմտապահելի քանակը։Ոմանք Իլիականը քանակական վերլուծության են ենթարկել (ինչպես նավերի ցանկի օրինակում), և ըստ այդ կատարված հաշվարկների՝ Իլիականում նկարագրվում է մոտ 250 անվանական սպանված, որոնց, լինենք անկեղծ, չենք կարող մեկ առ մեկ հիշել։ Մարդիկ այսպիսով վեր են ածվում զուտ թվերի՝ ինչպես ժամանակակից պատերազմներում (ծուղակ, որի մեջ կորչում է պատերազմի իրական դեմքը), կամ դառնում են հեռու, մշուշոտ, չտարորոշվող հիշողություն։ Սակայն Հոմերոսը, նշելով զոհվողների անունները, հիշելով նրանց ապրած կյանքը, փորձում է ցույց տալ հենց հակառակը, որ սրանք զուտ թվեր չեն, այլ մեռնում են մարդիկ, անհատներ, որ ամենքն իր հերթին մի ամբողջ կյանք ու պատմություն է:
Վերադառնալով Տրոյա ժամանած աքայացիների նավերի ցանկի օրինակին՝ դրա պատմական ու աշխարհագրական արժեքը պարզելուց հետո կարող ենք մտածել՝ ինչու գրել այսքան երկար ցանկ գրականության տեսանկյունից։ Զուտ հնագիտական ընկալումն ասում է՝ Իլիականը բանահյուսական ավանդույթի, Տրոյական պատերազմի մասին պատմող Էպիկական ցիկլի մաս է եղել. այն երգվել է Հունաստանի քաղաքներում, հետևաբար նավերի ցանկը գրվել է, որպեսզի ամեն քաղաքում երգելիս երգիչն արտաբերի տվյալ քաղաքի անունն ու հայրենասիրական զգացմունքներ առաջացնի տեղացիների մոտ։
Գեղագիտական ընկալումը կարող է սրանից վեր կանգնել և ենթադրել, որ այստեղ Հոմերոսը մեզ առերեսում է որպես մարդ մեզ համար անըմբռնելիին, միգուցե յուրօրինակ անվերջին, որովհետև այսպիսի «նավեր» ժամանակի մեջ անվերջ լինելու են։ Սա գրականության ու մաթեմատիկայի տարբերությունը ի ցույց դնելու նրա հանճարն է. եթե երբևէ նման խնդրի առաջ կանգնեք՝ ինչպես բացատրել գրականության ու մաթեմատիկայի տարբերությունը, կարող եք այն բացատրել Իլիականի՝ նավերի ցուցակի օրինակով։ Մի պահ պատկերացրեք՝ դուք Հոմերոսն եք և ուզում եք ձեր լսարանին ու ընթերցողներին ներկայացնել աքայացիների բանակի չափերը: Տարբերակներից մեկը կլիներ ասել, որ աքայացիները ողջ Հունաստանից հավաքել էին հարյուր քառասուն հազար մարդու և հազար երկու հարյուր նավով գնացել Տրոյան գրավելու։ Բայց ի՞նչ է այդ հարյուր քառասուն հազարը՝ թիվ, որը մենք պատկերացնում ենք միայն որպես մաթեմատիկական կոնցեպտ։ Այո՛, մենք կարող ենք ասել, որ հարյուր քառասուն հազարը հարյուր անգամ հազար չորս հարյուրն է կամ տասն անգամ տասնչորս հազարը. մենք այս թիվը հասկանում ենք միայն վերացական՝ որպես հասկացություն այլ թվերի հետ հարաբերությունների համակարգում։ Պատկերացրեք՝ մեկից մինչև հարյուր քառասուն հազարը հաշվելու համար (ենթադրենք` վայրկյանում մեկ թիվ հաշվելով) ձեզանից կպահանջվի մոտավորապես մեկ օր և տասնհինգ ժամ։ (Այստեղ հիշեցի «Կարգին հաղորդման» սքեչերից մեկը, որտեղ դասախոսը ուսանողին խնդրում է թվարկել Հիրոսիմայում և Նագասակիում միջուկային ռմբակոծությունից բոլոր զոհվածների անունները)։ Ուրեմն Հոմերոսը մեզ փոքր-ինչ խնայել է՝ սահմանափակվելով միայն արքաներին, նրանց օգնականներին, ծագման շրջանը և նավերի քանակը ներկայացնելով։ Որպես հակադրություն ուղղակի վիճակագրական թվերին՝ այսպիսով գրականությունը մեզ հնարավորություն է տալիս զգայական մակարդակում փոքր-ինչ մոտենալու իրականության ըմբռնմանը։ Ինչպես ամեն մեռնող հերոսի անունը նշելու պարագայում՝ Հոմերոսը իր ստեղծագործությունը թվերով փոքրացնելու փոխարեն ընթերցողի առաջ բացում է այս պատմության մասշտաբները, մի մեծ կտավ է նկարում մեր աչքերի առաջ, և այս նավերի ցանկն ամբողջությամբ ընթերցելը մեզ հնարավորություն է տալիս զգալու այս ահռելի մասշտաբները։
Աքիլլեսի քենը և վրեժը
Եվս մեկ անժամանակյա գեղագիտական արժեք և վերաիմաստավորվելու ու դարերով ապրելու օրինակ է Իլիականի սյուժետային հիմնաքարը և նրա հանգուցալուծումը։
Հոմերոսի Իլիականը սկսվում է Աքիլլեսի ու Ագամեմնոնի միջև վիճաբանությամբ, ինչից հետո Աքիլլեսը քինով է լցվում Ագամեմնոնի և աքայացիներ հանդեպ և որոշում, որ այլևս չի կռվելու։ Ինչի՞ մասին է Ագամեմնոնի ու Աքիլլեսի վեճը՝ ապստամբություն իշխանության դեմ, պատերազմի անիմաստության գիտակցում, նյութական շահի ձգտում, իրեն հավուր պատշաճի գնահատված զգալու եսասիրական ցանկություն և այլն։ Աքիլլեսը հարցականի տակ է դնում Ագամեմնոնի կայացրած որոշումը՝ փրկագնի դիմաց հորը չհանձնել գերի ընկած մի աղջկա, որ Ապոլլոնի քուրմն է եղել, ինչի պատճառով Ապոլլոնը աքայացիներին չի թողնում Տրոյան գրավել։ Ագամեմնոնը Աքիլլեսի պահանջը համարում է ոտնձգություն իր իշխանության նկատմամբ և այն վերահաստատելու համար որոշում է Աքիլլեսից խլել նրա գերուհի Բրիսեիսին։ Աքիլլեսն այսպես է արտահայտվում Ագամեմնոնի հասցեին.
«...Ես տրոյացոց պատճառով չեմ եկել այստեղ՝ կռիվ տալու
Նիզակավոր այրերի դեմ, որ իմ հանդեպ մեղք չեն գործել
...Այլ քեզ հետ ենք եկել այստեղ, մեծ անամոթ, որ դու հրճվես,
Ա՛յ շան երես, ջանք ենք թափում, որ հատուցեն ձեզ տրոյացիք՝
Մենելաոս այրին ու քեզ, բայց անտեսում, ուշք չես դարձնում:
Դեռ սպառնում ես, թե կխլես պարգևը իմ, որի համար
Շա՜տ եմ տանջվել, և այն ինձ են տվել որդիք աքայացոց:
...Ավելի շատ ի՛մ ձեռքերն են տաժանելի պատերազմի
Բեռը կրում, սակայն եթե բաժանմանն է բանը հասնում,
Մեծագույնն է պարգևը քո, իսկ ես, քիչը ձեռք գցելով,
Բայց գոհությամբ, կռվից հոգնած՝ հետ եմ դառնում նավերիս մոտ...»:
Աքիլլեսը գիտակցում է՝ կռվին իր մասնակցությունն անիմաստ է։ Նա միգուցե ինքն իր առաջ հարց է դնում՝ ինչի համար էր ինքը կռվում։ Մենք էլ կարող ենք փորձել պատասխանել այս հարցին։
Հարստությա՞ն. ինչպես նշում է Աքիլլեսը՝ շահած հարստության մեծ մասը բաժին է հասնում Ագամեմնոնին՝ որպես բոլորի արքա, և հետագայում էլ, երբ աքայացիները բազում կորուստներ են կրում, և Ագամեմնոնը պատվիրակներ է ուղարկում` Աքիլլեսին խոստանալով անթիվ հարստություններ տալ, նա միևնույնն է հրաժարվում է կռվել։
Պատվի՞. տրոյացիներն Աքիլլեսին ոչինչ չեն արել, նրանք անարգել են Մենելաոսի պատիվը՝ գողանալով նրա կնոջն ու գանձերը, ուրեմն իրենք այստեղ են Մենելաոսի և նրա եղբայր Ագամեմնոնի պատիվը պահելու համար։
Հայրենիքի՞. Աքիլլեսի քենն այնքան դաժան է, որ նա խնդրում է մորը՝ Թետիս աստվածուհուն, Զևսին համոզել պատժել աքայացիներին և նրանց բազում կորուստներ պատճառել տրոյացիների ու Հեկտորի ձեռքով, ուրեմն նա այնքան էլ խորը զգացմունքներ չունի իր հայրենակիցների նկատմամբ (այստեղ կարող ենք նաև նշել, որ այն ժամանակներում ազգ ասվածը գոյություն չուներ, և բանակները կռվում էին իրենց արքաների համար, հունական քաղաքները կարող էին հանգիստ պատերազմել միմյանց դեմ)։
Հապա ինչի՞ համար է կռվում` փառքի՞, պարտքի՞, կամ միգուցե այլ բան չէ՞ր կարող անել, դա է իր ժամանակի հրամայականը։ Սակայն Ագամեմնոնի հետ վեճից հետո այս ամենը Աքիլլեսի համար անկարևոր է դառնում. գիտակցելով այս բոլոր թվարկված պատճառների սին լինելը՝ նա ուղղակի հրաժարվում է կռվել։ Թվում է, թե սպասում է` մինչև իր կարիքը զգան, խնդրեն իրեն, որ հետ գա, օգնի աքայացիներին, սակայն նա այդ խնդրանքներն էլ անտեսում է։
Աքիլլեսը վերադառնում է մարտադաշտ միայն Պատրոկլոսի մահից հետո, միայն վրեժ լուծելու համար։ Իր ընկերոջ՝ Պատրոկլոսի մահը, որին սպանում է Հեկտորը, Աքիլլեսին այնքան ցավ է պատճառում, որ ժամանակակից վերլուծողներն այլ բացատրություն չեն կարողացել գտնել, քան նրանց նույնասեռական սիրեցյալներ համարելը. մեր ժամանակներում դժվար է պատկերացնել այդպիսի մաքուր և անշահախնդիր ընկերական սեր։ Եվ Աքիլլեսը վրեժի ծարավով կատաղի մարտի է բռնվում Տրոյացիների դեմ, նրանց ահասարսուռ փախչող ամբողջ զորքը ամեն ինչ սրբող հեղեղի նման քշում է աքայացիների` ծովափին կայանած նավերի մոտից մինչև Տրոյայի անսասան պարիսպներից ներս ու մենամարտի է բռնվում Հեկտորի հետ։ Նա մենամարտից առաջ մերժում է Հեկտորի առաջարկը պայման կապելու, որ սպանվողին բոլոր հարգանքները մատուցեն.
«...Սակայն արի՛ վկա կանչենք աստվածներին, որ լավագույն
Երաշխավոր մեզ կլինեն ու պահապան այս պայմանի.
Քանզի ես քեզ դաժանորեն չեմ անարգի, եթե Զևսն ինձ
Զորություն տա, որ տոկալով` կարողանամ կյանքդ խլել,
Այլ երբ պոկեմ քո փառավոր զենք-զրահը, ո՜վ Աքիլլես,
Կտամ քո դին աքայացոց — դու էլ ինձ հետ այդպես վարվիր»:
Խեթ նայելով՝ արագոտն Աքիլլեսը ասաց նրան.
«Օ, անիծյալ լինես, Հեկտոր, էլ մի՛ ճառիր պայմաններից.
Ինչպես մարդու և առյուծի միջև անխախտ երդում չկա
(Ոչ էլ սրտով համերաշխ են ոչխարները գայլերի հետ),
Այլ մշտապես միմյանց դեմ չարիքներ են նյութում նրանք,
Այդպես էլ ես ու դու իրար բարեկամ չենք, և մեր միջև
Ուխտ չի լինի, մինչև մեզնից մեկը կընկնի և Արեսին՝
Վահանակիր զորականին, հագուրդ կտա իր արյունով»:
Սպանելով Հեկտորին՝ Աքիլլեսը հանում է նրա զրահը և հագուստները, դին կապում է իր կառքի ետևից ու այդպես քարշ տալիս Տրոյայի շուրջ՝ նրա ծնողների, կնոջ և ընկերների աչքերի առաջ՝ աքայացիների զորքի մեջ բուռն ոգևորություն առաջացնելով։ Նա խոստանում է Հեկտորի դին շպրտել շներին, որ ուտեն։ Նա այսպես փորձում է մեղմել իր սրտի ցավը, սակայն նույնիսկ իր ընկերոջը սպանողից այսպիսի անողոք վրեժ լուծելով` նրա ցավը չի հանգստանում։ Գիշերը Հեկտորի անարգված դին նետում է գետնին` իր հյուղակի առջև, նստում ու լալիս է Պատրոկլոսի դիակի վրա։ Ժամանակ առ ժամանակ ցասումով վեր է կենում, կրկին Հեկտորին կապում կառքից ու քարշ տալիս Պատրոկլոսի շուրջ, բայց դրանից իր ցավը չի անցնում։ Պատրոկլոսի թաղմանը նա զոհաբերում է տասներկու տրոյացի երիտասարդների (մարդկանց զոհաբերության միակ դեպքը Հոմերոսի պոեմներում)։ Այսպես նա դիմում է ամենադաժան, ամենածայրահեղ քայլերին, որպեսզի ամոքի իր վիշտը, բայց ապարդյուն։
Հեկտորի մահից տասներկու օր անց նրա հայրը՝ տրոյացիների արքա Պրիամոսը, գիշերը գալիս է Աքիլլեսի մոտ՝ խնդրանքով, որ վերջինս թույլ տա տանել իր սիրելի որդու դին։ Պրիամոսը, որի զավակներից շատերին է Աքիլլեսը սպանել և նրա ամենասիրելի զավակին անասելի դաժանությամբ ու անարգաքով է վերաբերվել, Աքիլլեսի մոտ է գալիս միայնակ, անպաշտպան, ոչ թե վրեժի ծարավով, դավով, սպանելու ձգտմամբ, այլ ամբողջովին հանձնվելով նրա ողորմությանը։ Աքիլլեսը, ծերունու այս քայլից ապշած, նրա հանդեպ կարեկցանք է զգում, հաղորդակից է դառնում իր թշնամու ցավին։ Պրիամոսին է հանձնում Հեկտորի դին ու խոստանում, որ տասներկու օր հրադադար կհայտարարի և թույլ կտա` տրոյացիները պատշաճ թաղում կազմակերպեն նրա համար։
Ի վերջո, միայն թշնամուն ներելով է Աքիլլեսը կարողանում հանգստություն գտնել։ Եվ Իլիականը ավարտվում է հետևյալ տողով.
«Այսպես, ահա՛, թաղումն արին նրանք Հեկտոր ձիավարի»:
Տեսանկյուն
Երբ երեխաները խաղում են իրար հետ, ամբողջովին մտնում են խաղի մեջ, և այդ պահին խաղի իրականությունը դառնում է նրանց միակ իրականությունը, արտաքին աշխարհը նրանց համար դադարում է գոյություն ունենալ, ու այդ արտաքին աշխարհի բոլոր իրերն ու երևույթները դիտարկվում են որպես խաղի ատրիբուտ, որ կարելի է ինչ-որ նպատակով օգտագործել խաղի մեջ: Օրինակ՝ մի մեծ խնջույքի ժամանակ պահմտոցի խաղացող երեխան կարող է թաքնվել ձեր աթոռի տակ` առանց ձեզ նկատելու։ Այդպես երեխաները ամեն օր կարող են մի խաղ հորինել և ամբողջովին տրվել այդ խաղի իրականությանը։ Այն երեխան, որ առաջինն է մեծանում` ավելի շուտ իր ընկերներից, նկատում է, որ խաղին կարելի է նայել դրսից՝ մեկ այլ իրականությունից, որից խաղի ներսի իրականությունը միայն որպես պայմանականություն է երևում և այլևս այն հաճույքը չի պատճառում։ Երբ այդ երեխան որոշում է այլևս չխաղալ, դա տարօրինակ է թվում իր ընկերներին, նրանք իրար չեն հասկանում. դեռևս խաղը վայելող երեխաների համար ակնհայտ է, թե ինչքան կարևոր է հենց այս խաղը հաղթելը, նրանք այդ պահին միայն դրա մասին են կարողանում մտածել, մինչդեռ խաղը դրսից տեսած երեխան գիտի, որ բազմաթիվ խաղեր են լինելու, հաղթանակներ ու պարտություններ են լինելու, կյանքը ապրելու և կյանքին նայելու այլ ձևեր էլ գոյություն ունեն, և նա այլևս չի կարողանում մտնել այս խաղի մեջ, անկեղծ հաճույք ստանալ դրանից և իրապես տրվել մոռացությանը։
Զինվորը պատերազմի անմիջական մասնակիցն է, նա է պատերազմում գործողություն իրականացնողը, պատերազմի ողջ ծանրությունն ու ողբերգությունն իր վրա կրողը։ Զինվորը պատերազմի իրադարձությունների առաջին գործող անձն է։ Նա կռվի ժամանակ այլ մտահորիզոն, այլ տեսադաշտ չունի, քան մտածել ու գործել միայն պատերազմի իրականության սահմաններում, պատերազմի կանոններով, ողջ մնալու և հաղթելու ձգտմամբ։ Զինվորը այլ ելք չունի, քան լինել ներկա հենց տվյալ պահին իր անմիջական շրջապատում, լինել մասնակից ու տրվել գործողությունների ընթացքին։
Հրամանատարը ևս պատերազմի մասնակից է ու գործող անձ, սակայն նրա մասնակցությունն անմիջական ու ուղղակի չէ։Հրամանատարը մասնակցում է գործողություններին անուղղակի, հրամանների, այլ մարդկանց գործողություններն ուղղորդելու միջոցով։ Նրա դիտանկյունը, տեսադաշտն ու մտահորիզոնն ավելի մեծ տարածություն են ընդգրկում, սակայն սահմանափակված են միայն պատերազմի իրականությամբ, դրանից դուրս ամեն ինչ նա դիտարկում է պատերազմի իրականության պրիզմայով, ամեն ինչ կարելի է օգտագործել հաղթանակը մոտեցնելու և պարտությունից խուսափելու համար։ Նա միայն իր անմիջական շրջապատում ու հենց այդ պահին չէ ներկա, այլ մտովի այլ տեղերի իրավիճակն է ուսումնասիրում, ապագայի գործողություններ պլանավորում և այլն։
Պատմիչը (կամ մեր օրերում` լրագրողը) իրադարձությունների մասնակից չէ, նա դիտորդ է, սակայն նա դիտորդ է ներսից։ Նա գործողություն չի իրականացնում, բայց մտածում է պատերազմի իրականության մեջ, պատերազմի կանոններով։ Նա փորձում է իրողությունները հասկանալ և հնարավորինս ճշգրիտ փոխանցել այլ մարդկանց։ Նրա տեսանկյունը կարող է տարբեր լինել՝ կա՛մ զինվորի նման տեղային, կա՛մ հրամանատարի նման ընդգրկուն, ամբողջական պատկեր փոխանցող։
Գրողը կամ արվեստագետը պատմիչի նման իրադարձությունների մասնակից չէ, նա ևս դիտորդ է, բայց նա այլ դիտանկյուն ունի. սահմանափակված չէ պատերազմի իրականությամբ միայն, նրան կարող են հետաքրքրել պատերազմի հետևանքները անհատների վրա, նրանց զգացմունքները, նրանց ապրումներն ու ողբերգությունը։ Նա փորձում է իր հոգում վերապրել զինվորի կրած դժվարությունները, հրամանատարի` որոշումներ կայացնելու ծանրությունը։ Նա մտածում է պատերազմի իրականությունից դուրս գտնվող կաղապարներով։
Ագամեմնոնի հետ վեճը ստիպում է Աքիլլեսին, որ նա իրավիճակին նայի այլ տեսանկյունից։ Նրա մտքում տեսանկյան տեղաշարժ է տեղի ունենում. նա նման է այն երեխային, որ առաջինն է խաղից դուրս նայում խաղին։ Աքիլլեսն այլևս չի մտածում պատերազմը հաղթել-պարտվելու դիտանկյունից, ինչպես դա անում են զինվորը կամ հրամանատարը, ոչ էլ պատմիչի դիտանկյունից, որ ցանկանում է հասկանալ և պատմել կատարվող իրողությունը, և ոչ էլ գրողի, որ փորձում է խորամուխ լինել մարդկային ողբերգության ու զգացմունքների դաշտ, այլ Աքիլլեսի տեսանկյունը ավելի շատ նմանվում է փիլիսոփայական հարցադրման դիտանկյան և մնում է այդ նույն տեղում, մինչ վրեժի զգացումը նրան նորից այլ տեսանկյուն է բերում և նորից դարձում գործող անձ։
Աքիլլեսը միակն է, որ հարց է տալիս պատերազմի մասին՝ կասկածի տակ դնելով դրա իմաստն ու նպատակը։ Նա իրեն դուրս է դնում գործողություններից, մասնակցից դառնում է իրադարձությունները մտահայեցողի. պոեմի մնացած բոլոր հերոսները գործում, խոսում և մտածում են պատերազմի տրամաբանության մեջ՝ այս ու այն կողմ շարժվելով, բայց մնալով պատերազմի անմիջական առնչությամբ, իսկ Աքիլլեսն այդ պահից գործող անձից վերածվում է դիտորդի։ Աքիլլեսի կերպարը աքայացիների տեսանկյունից դեռևս մեծ դեր ունի պատերազմի ելքի հարցում, բայց նա ինքը պատերազմից դուրս է և դրսից է դիտում երևույթները։ Աքիլլեսի դերը աքայացիների համար հնարավոր չէ թերագնահատել. Աքիլլեսից զատ միակ օրինակը, երբ կասկածի տակ է դրվում պատերազմը, ռամիկ Թերսիտեսին է, որ դիմում է Ագամեմնոնին․ «...վայել չէ քեզ՝ առաջնորդիդ, / փորձանքների մեջ ներքաշել աքայացոց որդիներին», բայց նա Ոդիսևսից և մնացած աքայացիներից ստանում է հանդիմանող արձագանք. համակարգը մերժելով, դրա դեմ դուրս գալով՝ անպատիժ կարելի է մնալ միայն, երբ համակարգի մեջ հասել ես այն աստիճանին, որ առանց քեզ համակարգը կարող է փլուզվել։
Պատրոկլոսի մահը Աքիլլեսի համար ևս մեկ տեսանկյան տեղաշարժ է. նա կրկին դառնում է գործող անձ, մասնակից, սակայն այս անգամ այդ տեղաշարժը դեպի ետ չէ՝ դեպի զինվոր և հրամանատար չէ, նա միայն վրեժ է տենչում` ո՛չ Տրոյայի գրավում, ո՛չ հաղթանակ, այլ վրեժ։
Պրիամոսի այցը Աքիլլեսի տեսանկյան մեկ այլ տեղաշարժ է դեպի ուրիշի, այլ մարդու, թշնամու հանդեպ կարեկցանքի, ապրումակցման դիտանկյուն։
Աստվածները
Փիլիսոփայական տեսանկյունից շատ հետաքրքիր են հին հույների կրոնական պատկերացումները, որ ակներև պատկերված են Հոմերոսի պոեմներում։
Աստվածներն այստեղ ամենակարող չեն, նրանք չեն ստեղծել աշխարհը, չեն կառավարում աշխարհի ընթացքը։ Աստվածները վերմարդկային ուժերի մարմնացում են, նրանք հակամարտ ուժեր են` յուրաքանչյուրն իր նպատակներով ու ցանկություններով ու մարդկանց նման կամ մարդկանցից ավելի բարդ հոգեբանությամբ։ Աստվածներից վեր է ճակատագիրը, բախտը, որի դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարող․ Տրոյան պետք է կործանվի, Հեկտորը պետք է սպանվի Աքիլլեսի ձեռքով, Աքիլլեսը ողջ չի վերադառնալու Տրոյայից և այլն։ Աստվածները կարող են ազդել իրերի ընթացքի վրա, բայց ոչ մի կերպ չեն կարող փոխել դրանց ճակատագիրը։ Աստվածները բաժանվում են երկու ճամբարի. ոմանք աքայացիներին են օգնում, ոմանք` տրոյացիներին, բայց նրանք գիտեն, որ, ի վերջո, Տրոյան ավերվելու է, սա նրանց համար յուրօրինակ խաղ է։
Ֆենոմենոլոգիան ասում է, որ բնությունը մնում է անիմանալի, գիտությունը կարող է բացատրել բնությունը, բայց չի կարող այն ըմբռնել, իսկ այն, ինչ հնարավոր է իմանալ. մարդկայինն է։ Թվում է` հին հույները կարողացել են սա ըմբռնել իրենց աշխարհընկալման մեջ։ Մարդիկ, ըստ հին հույների ու ըստ Հոմերոսի պոեմների, ազդեցություն չունեն պատերազմի ընթացքի ու ելքի վրա. միակ բանը, որ մարդիկ կարող են անել, պատվով կռվել և փառքի արժանանալն է (մարդկային հասկացությունների սահմաններում գործելը), նրանք չեն կարող ավարտել պատերազմը, վճռել դրա ելքը՝ այն ի սկզբանե վճռված է ճակատագրով։
Երբ Մենելաոսն ու Պարիսը մենամարտում են Հեղինեի համար, երկու կողմերը ուխտ են կապում, որ Հեղինեին ու գողացված հարստությունը հանձնելու են հաղթողին, իսկ պարտվող կողմը չի շարունակելու կռիվը։ Պարիսը փախչում է մենամարտի կեսից, և ըստ պայմանի` Մենելաոսին այդժամ պետք է տան Հեղինեին, սակայն տրոյացիներից մի զինվոր նետ է արձակում Մենելաոսի վրա՝ խախտելով պայմանավորվածությունը, և կռիվը վերսկսվում է։ Այդ տրոյացուն «մարդու կերպարանք ստացած մի աստված է դրդում նետ արձակել»։ Նետի արձակվելը ֆենոմենն է, որը մենք կարողանում ենք տեսնել, զգալ, այն ներկայանում է մեզ, իսկ թե ինչու է դա տեղի ունեցել, որն է դրա իմաստը մեզ համար որպես ականատեսների` անճանաչելի է, դուրս է մարդկային հնարավոր իմացության սահմաններից, նրանք դա բացատրում են մարդկանց կարողություններից ու իմացությունից դուրս գտնվող աստվածների միջոցով։
Վերջաբան
Հոմերոսի պոեմները անցյալի հնացած պատառիկներ չեն, այլ բոլոր մեծ գրքերի նման ապրող և զարգացող տեքստեր։ Ամեն նոր ընթերցանություն նրանց նոր ձևով է բացահայտում, և լինելով այսքան հին ու այսքան «լողացող» հեղինակային կերպարով ստեղծագործություններ՝ դրանք լայն հնարավորություն են տալիս նորանոր մեկնաբանությունների ու ընկալումների։ Բարեբախտաբար, այժմ մենք ունենք Իլիականի նոր հրատարակություն Արամ Թոփչյանի ու Գոհար Մուրադյանի հայերեն նոր սքանչելի թարգմանությամբ և հնարավորություն` ավելի մոտիկից առնչվելու այս անմահ կոթողին։
No comments:
գրել մեկանբանություն