«Քննախոսություն մեթոդի մասին» աշխատության մեջ Դեկարտը ներկայացնում է իր կողմից մշակված ու ընդունված մեթոդը, որը հիմք է ծառայում իր փիլիսոփայական համակարգի ձևավորման ու բանականության միջոցով գիտության մեջ ճշմարտություն գտնելու համար։
Դեկարտը շատ պարզ շարադրանքով ու բավականին հետաքրքիր ներկայացնում է իր մտքի զարգացման ընթացքը, ինչպես են մարդկանց՝ այդ թվում և իր, համոզմունքներն ու ընդունված ճշմարտությունները ձևավորվում մեծամասամբ ավանդույթի և մշակույթի ազդեցությամբ։ Դեկարտը իր համար որոշում է, որ պետք է ձերբազատվել բոլոր այդ կասկածելի, կեղծ համոզմունքներից և փոխարենը ձևավորել սեփական ճշմարտություններ և դա անել հիմնվելով բանականության վրա։
Մեթոդի էությունն Դեկարտը այսպես է նկարագրում՝ մերժել ամեն բան, որը կասկածի տեղիք է տալիս, ճշմարիտ համարել միայն այն ինչը «իր մտքին կներկայանա այնքան հստակ ու պարզ, որ բացարձակապես ոչ մի առիթ չունենա կասկածի տակ դնելու» (սա հետագայում փիլիսոփայության մեջ հայտնի դարձավ որպես Կարտեզյան կասկած), դժվարին խնդիրները բաժանել մասերի դրա լավագույն լուծումը հնարավոր դարձնելու համար, ղեկավարել մտքի ընթացքը ամենապարզ ճանաչելի առարկաներից ամենաբարդ առարկաների իմացությանը՝ «կարգ ենթադրելով մինչև անգամ այնպիսի առարկաների մեջ, որոնք բնականորեն իրար չեն հաջորդում»։
Դեկարտը նաև իր այս սկեպտիցիզմի մեթոդը կիրառելու ժամանակ իր համար սահմանում է բարոյականության որոշակի նորմեր․ առաջին՝ հպատակվել իր երկրի օրենքներին և սովորույթներին ու հաստատուն պահել իր կրոնը, երկրորդ՝ իր բոլոր գործողություններում լինել վճռական ու հաստատակամ, երրորդ՝ «մշտապես ձգտել՝ ավելի շուտ հաղաթահարել ինքս ինձ, քան ճակատագիրը, և փոխել ավելի շուտ իմ ցանկությունները, քան աշխարհի կարգը»։
Իր կասկածի ու սկեպտիցիզմի մեջ, Դեկարտը հասնում է ծայրահեղության, կասկածի ենթարկելով ամեն ինչ․ մեզ մոլորեցնում են մեր զգայարանները, մենք չենք կարող վստահ լինել որ այն ինչ տեսնում ենք, երազ չէ, միգուցե ինչ-որ դիվային արարած մեզ մոլորեցնում է․ նա կասկածում է իր իսկ մտքերի վրա։ Միակ բանը ինչի վրա հնարավոր չէ կասկածել, դա այն է, որ դու կասկածում ես։ Այսպիսով՝ որպես այդ «հստակ ու պարզ» դրույթ, որը կասկածի տեղիք չի տալիս, Դեկարտը հայտարարում է իր հանրահայտ «cogito ergo sum»-ը՝ «ես մտածում եմ, հետևաբար ես կամ» (սույն հրատարակության թարգմանությունն է, բայց երևի ավելի նախընտրելի է՝ «մտածում եմ, հետևաբար, գոյություն ունեմ») ձևակերպումը։ Դեկարտը գտնում է, որ սա այն հիմքն է ինչի վրա հնարավոր է կառուցել հետագա ողջ փիլիսոփայությունն ու գիտությունը՝ գործելով որպես մտածող սուբյեկտ, օգտագործելով բանականության գործիքները։
Դեկարտը աստծո՝ կատարյալ էակի գոյության ապացույցը գտնում է հենց իր կասկածելու մեջ՝ կասկածելը ի տարբերություն գիտենալու հատուկ է ոչ կատարյալ էակներին, իսկ կատարյալ էակի գաղափարը չի կարող առաջ գալ ոչինչից հետևաբար «մնում է ընդունել, որ այդ գաղափարը դրել է իմ մեջ նա, որի բնությունն ավելի կատարյալ է»։ Իսկ հետո նա պարզ ու հստակ գաղփարների հիմքը տեսնում է այնտեղ, որ աստված պետք է իրեն չմոլորեցնող, հստակ ճշմարտություններ ներկայացնի։
Վերջում Դեկարտը խոսում է նաև այն խնդիրների մասին, որոնք կան և կարող են առաջ գալ իր հետագա հետազոտությունների և մեթոդի կիրառման հարցում։
Իհարկե Դեկարտը ահռելի ազդեցություն է ունեցել փիլիսոփայության վրա, բայց և բազմաթիվ քննադատությունների տեղիք են տվել։ Օրինակ՝
- նրա փիլիսոփայության միտք-մարմին դուալիզմը, որ արտահայտված է նաև այս ստեղծագործության տողերում, բազմիցս քննադատված է,
- փորձելով ազատվել ավանդույթային, մշակութային ու սոցիալական կակածելի և կեղծ ճշմարտություններից՝ նա ստեղծում է նոր՝ սուբյեկտիվ ճշմարտություններ,
- «cogito»-ի արգումենտը իրականում չի ապացուցում մտածող սուբյեկտի առկայությունը, այլ միայն ապացուցում է մտածելու գործողության գոյությունը,
- աստծո գոյության ապացույցը կայուն արգումենտ չէ բացի այդ այն Դեկարտի մոտ հանգեցնում է շրջանաձև դատողության, երբ աստծո գոյությունը ապացուցվում է հստակ ու անկասկածելի գաղափարների առկայությամբ, իսկ այդ գաղափարների առկայությունը աստծո գոյությամբ։
Այդ ամենի հետ մեկտեղ, հետաքրքիր է հետևել Դեկարտի մտքի ընթացքին՝ հաշվի առնելով, որ նա փորձել է բավականին անկեղծ լինել՝ չնայած շատերը կարծում են, որ ամեն դեպքում աստծո գոյության ապացույցը և կրոնի հանդեպ հարգանքը թելադրված է նրա՝ եկեղեցու կողմից բանադրվելու հանդեպ վախով։