Le Droit À La Ville-ը՝ Իրավունք քաղաքի նկատմամբ, առաջին ծանոթությունս էր Անրի Լըֆեվռի հետ։ Հազվադեպ եմ փիլիսոփաների հետ ծանոթությունս միանգամից հեղինակի գործը ընթերցելով սկսում։ Ավելի հաճախ դասախոսությունների, երկրորդական աղբյուրների միջոցով եմ ծանոթանում, հետո միայն բուն գործերի ընթերցանությանն անցնում։ Լըֆեվռի մասին միայն գիտեի, որ Ժան Բոդրիյարի դոկտորական ատենախոսության խորհրդատուն է եղել։
Le Droit À La Ville-ը անգլերեն թարգմանված է The Right to the City վերնագրով, բայց առանձին հրատարակված չէ, այլ ընդգրկված է Writings on Cities մեջ։
Քաղաքի փիլիսոփայության թեման շատ հետաքրքրեց ինձ։
Լըֆեվռը խոսում է (ու մի քանի անգամ շեշտում է դա) անտիկ հունական ու հռոմեական հիմքի վրա ձևավորված, միջնադարյան կորիզ ստացած ու ինդուստրիալիզացիայով անցած արևմտյան տիպի քաղաքների մասին։ Սկզբում ներկայացնում է քաղաքի ձևավորման, զարգացման, աճի, քաղաքի ու գյուղական տարածքի հակադրության, ինդուստրիալիզացիայի արդյունքում ուրբանիտական սփռման, անկանոն տարածման ու քաղաքային պլանավորման պատմական ընթացքը։ Հին հույների քաղաքը՝ պոլիսը, տիեզերքի մանրակերտն էր, ուր հասարակական տարածքները, շինությունները սփռված էին հավասար կարևորության ու հարմոնիայի մեջ․ տարածքների տերերը քաղաքի բնակիչներն էին։ Հռոմեական քաղաքը կենտրոն ունենալու, ուղղաձիգ իշխանություն ցուցադրելու անհրաժեշտություն ուներ, որպես կայսերական քաղաք․ քաղաքային տարածքների տերերը էլիտաներն էին, որտեղ բնակեցնում էին իրենց ստրուկներին։ Միջնադարյան քաղաքը արվեստի, արհեստի ու առևտրի կենտրոն էր․ քաղաքային տարածքը դեռևս պատկանում էր իշխաններին, բայց արհեստավորներն ու առևտրականները ունեին սեփական տարծքներ։ Միջնադարյան քաղաքի էլիտաները, նաև դասակարգային ընդվզումներից խուսափելու համար, իրենց դիրքը արդարացնելու համար, իրենց կարողության մի մասը վերադարձնում էին քաղաքին՝ ճարտարապետական արվեստի գործերի տեսքով, քաղաքը քաղաքացիների համար օգտագործելի դարձնելու տեսքով։ Ինդուստրիալիզացիայի ժամանակաշրջանը բնորոշվում է քաղաքների սրընթաց աճով, ուրբանիզացիայով։ Երբ կարիք առաջացավ նոր ստեղծվող գործարանների համար նոր աշխատուժ վարձել, քաղաքը սկսեց գրավել գյուղական տարածքները՝ կլանելով և՛ բուն տարածքները, և՛ բնակչությանը։ Սկզբում այդ ուրբանիզացիան ընթացավ նոր աշխատուժի համար քաղաքի ծայրամասերում արագ ու անկանոն բնակելի թաղամասեր նախագծելով, հետո առաջացավ քաղաքային պլանավորման (Լըֆեվռի համար՝ ձախողված լուծում) խնդիրը, հետո արդեն ուշ կապիտալիզմի ու սպառողական հասարակարգի ձևավորման ու հաստատման արդյունքները քաղաքի վրա։
Լըֆեվռի կարծիքով փիլիսոփայությունը առհասարակ առաջացել է քաղաքում։ Անտիկ շրջաում հենց քաղաքային միջավայրն է ծնունդ տվել փիլիսոփայելու համար միջավայրին ու պայմաններին, տարածք տվել փիլիսոփաներին։ Սակայն փիլիսոփայությունը չի անդրադարձել քաղաքին։ Քաղաքը փիլիսոփայելու միջավայր է, սակայն փիլիսոփայության համար քաղաքը առարկա չի եղել։ հին դարերում և միջնադարում քաղաքը զարգացել է օրգանիկ կերպով, եղել են հասարակական հարաբերություններ և հասարակական օգտագործման տարածք։ Սրընթաց ինդուստրիալիզացիայի ու ուրբանիզացիայի արդյունքում նույնիսկ քաղաքի ու գյուղական միջավայրի սահմանները ջնջվում են՝ ծայրամասերում, քաղաքից դուրս տարածքներում և բնության մեջ առանձնատնային ավանների առաջացմամբ, որտեղ հաճույքով տեղավորվում են էլիտաները՝ իմիտացնելով գյուղական մարդու՝ բնությանը մոտ լինելը։ Կենտրոնի (իշխանության, քաղաքային գիտությունների) պատասխանը անկնոն ուրբանիզացիային պլանավորումն էր։ Սակայն այստեղ Լըֆեվռը տեսնում է ամենամեծ խնդիրներից մեկը․ պլանավորման գործին լծվում են ֆրագմենտացված, մասնատված, մասնավոր գիտությունները՝ ամենքը իրենց ֆրագմենտից վերլուծելով՝ փորձում են հասնել ամբողջության։ Մասնատված գիտությունները՝ ինչպես տնտեսագիտությունը, հասարակական գիտությունները և այլք չեն դիտարկում ամբողջությունը (totality)։ Միայն փիլիսոփայությունն է, որ փորձ է կատարել ըմբռնել ամբողջությունը, որն իհարկե անհաջող փորձ է եղել, բայց փիլիսոփայությունը միակն է, որ ամբողջության չնչին ընկալում ունի։ Բաց ինչպես արդեն նշեցինք, փիլիսոփայության համար քաղաքը չի եղել ուսումնասիրության առարկա, և ֆրագմենտացված գիտությունները փորձ են կատարել ըմբռնելու և պլանավորելու քաղաքը, սպանելով նրա էությունը, հանգեցնելով սեգրեգացիայի, գետտոացման և հասարակական տարածքների մեռնելուն։
Կապիտալիստական հասարակարգը իր պլանավորման գործիքներով քաղաքում ստեղծում է տարածքներ, որտեղ մարդիկ սպառում են նրա արտադրանքը (մոլեր, սուպերմարկետներ, բուտիկների փողոցներ)։ Քաղաքը կորցնում է իր օգտագործման արժեքը և ստանում է միայն փոխանակման արժեք։ Ձևավորվում է ոչ միայն սպառման համար տարածքներ, այլև հենց տարածքերի սպառում։ Քաղաքների հին կենտրոնները կորցնում են իրենց կենտրոնի ֆունկցիան ու վեր են ածվում շքեղ ապրանքների խանութների, թանկ ռեստորանների, սրճարանների՝ տուրիստական սպառման համար նախատեսված տարածքների։ Քաղաքի կենտրոնը այլևս տարածք չէ ապրելու և օգտագործելու համար, այլ միայն սպառելու։ Կենտրոնից զատ ստեղծվում են բիզնեսի, ֆինանսական կամ տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակների շրջաններ, առևտրի շրջաններ, գործարանների ու արտադրական շրջաններ, բնակելի շենքերի շրջաններ, արվարձանային առանձնատների շրջաններ։ Տարատեսակ ծրագրերով այդ թաղամասերում բնակեցվում են նույն սոցիալական ստատուս ունեցող մարդիկ։ Որոշ տեղերում նույնիսկ ամբողջ թաղամասեր բնակեցվում են նույն մասնագիտությունն ունեցող անձանցով (բժիշկների թաղամաս, ծրագրավորողների թաղամաս և այլն)։ Քաղաքային տարածքները բաժանվում են ըստ հասարակության շերտերի։ Ինչպես հետագայում Դըլյոզը կասի՝ քաղաքի հատվածներին պարտադրվում է ինքնություն։ Տեղի է ունենում հասարակության սեգրեգացիա, գետտոացում։ Գետտոացումը միայն չի վերաբերվում օրինակ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջացած հրեական կամ սևամորթների գետտոներին, այստեղ արդեն առաջանում են հարուստների գետտոներ, աղքատների գետտոներ, սպասարկման ոլորտի աշխատողների գետտոներ, տնօրենների ու կառավարիչների գետտոներ, օֆիսային տարածքների գետտենր, որ դատարկվում են երեկոյան 6-ից հետո, առևտրի գետտոներ, որոնք ամբողջությամբ դատարկվում են գիշերը, երիտասարդ ընտանիքների բնակելի թաղամաս գետտո, որտեղ չկան ծերեր և միջին տարիքի դպրոցականներ ու ուսանողներ, և այլն։
Լըֆեվռը քաղաքը համեմատում է լեզվի հետ։ Ինչպես լեզուն է մեզ համար ծառայում որպես գործիք աշխարհը ճանաչելու համար և հետո ինքներս մեզ աշխարհում արտահայտելու համար, այնպես էլ քաղաքը։ Լեզուն սահմանում է մեր՝ աշխարհն ըկալելու ձևը և հնարավորությունը, ինչպես կասեր Վիտգենշտայնը՝ մեր աշխարհի սահմանները։ Նույն կերպ և քաղաքը, քաղաքային միջավայրը սահմանում են աշխարհի ընկալման ձևը, նրանում առկա հասարակական կապերը, շարժերը և այլն։ Լըֆեվռը նաև համեմատում է քաղաքը գրված գրքի հետ, որը պետք է կարդալ և հասկանալ, ոչ թե ջնջել և գրել նորը՝ ավելի պարզը և սահմանափակը․ քաղաքը կարդալու ու այն հասկանալու, իր աշխարհայացքը ընդլայնելու փոխարեն, պլանավորումը քաղաքին (հետևաբար նաև քաղաքի բնակիչներին) պարտադրում է աշխարհի՝ իր սահմանափակ, միաչափ ընկալումը։ Քաղաքը իր ձևով բովանդակություն է։
Այս բոլոր պրոցեսների արդյունքում քաղաք մահանում է։
Լըֆեվրի տեքստը ծանրակշիռ նշանակություն ունի, բայց շատ տարածում չունի։ Շատ լավ կլիներ ունենալ այս գրքի (կամ Լըֆեվռի հետագա ավելի ծավալուն գրքերի) հայերեն թարգմանություն։